Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որը հայտնի է «սարդ-մարդ», մարտի 21-ի առավոտյան բարձրացել է Փարիզի «Լա դեֆանս» գործարար թաղամասում գտնվող Total աշտարակի վրա: Երկնաքերը նվաճելու համար նրան 45 րոպե է անհրաժեշտ եղել, գրում է Le Parisien-ը:

Սկսելով 1994 թվականին Ռոբերն արդեն 5 անգամ բարձրացել է պողպատից ու ապակուց կառուցված բարձրահարկ շինությունը, որտեղ տեղակայված են Total նավթային կորպորացիայի գրասենյակները: Մինչ այդ Ռոբերը նվաճել է եւս մի քանի աշտարակներ նույն թաղամասում՝  Engie-ը, First-ը, Areva-ն եւ Ariane-ը

187 մետր բարձրություն ունեցող աշտարակը բարձրանալիս  Ռոբերի շապիկի վրայի պատկերը նվիրված է եղել ճաղատացման դեմ պայքարի ազգային օրվան, որը նշվում է մարտի 24-ին:

53-ամյա մագլցողը մի քանի տարի առաջ մազերի տեղափոխման վիրահատության է ենթարկվել: Աշտարակը նվաճելուց հետո, ավանդույթի համաձայն, Ռոբերին ձերբակալել են, հարցաքննել ու ազատ արձակել:

Իր «կարիերայի» ընթացքում Ռոբերը նվաճել է ավելի քան 100 բարձրահարկ շենք, այդ թվում Դուբայի «Բուրջ Խալիֆը», որի բարձրությունը 828 մետր է: