Ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ընտրություններից հետո Հայաստանում հնարավոր կլինի ընտրողների էլեկտրոնային ցուցակները համեմատել ընտրություններից առաջ հրապարակված ցուցակների հետ: Մարտի 22-ին այս մասին հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա խոսքով, դա նաեւ հնարավորություն կտա համոզվել, որ նույն մարդը տարբեր ցուցակներով չի քվեարկել: Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ընտրություններից երեք օր առաջ հրապարակվում են ընտրողների ցուցակները:

Իսկ երբ Նաիրիա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե ինչքան ժամանակ է հատկացվելու ընտրողների ցուցակները էլեկտրոնային տարբերակով համեմատելու համար՝ Հարությունյանը պատասխանել է « Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է հատկացվելու դրան, ես հիմա դեռ աշխատում եմ այդ հարցի շուրջ»:

Անդրադառնալով էլեկտրոնային տարբերակում ցուցակների համեմատությանը, նա պարզաբանել է, որ յուրաքանչյուր կուսակցության ծրագրավորողը կմշակի բաց կոդով ծրագիր ու այդ համակարգչային ծրագիրը կօգնի հայտնաբերել հնարավոր կեղծիքները: «Հետո այդ ամբողջ տեղեկատվությունը կհեռացվի համակարգչից՝ հետագա պաշտոնական հրապարակումներից խուսափելու համար»,- հավելել է Դավիթ Հարությունյանը: