Բրյուսելում խառնված իրավիճակ է, ամենուրեք անվտանգության միջոցառումներ են իրականացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, որը խորհրդարանական պատվիրակության հետ այս պահին գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար 5-րդ նիստին։
«Խիստ վերահսկողություն կա ամենուրեք, շտապօգնության մեքենաներ, ուղղաթիռներ են պտտվում»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենց պատվիրակությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Նշենք, որ հայ պատգամավորները ըստ օրակարգի պետք է վերադառնան մարտի 24-ին: Պատվիրակության կազմում են Արտակ Զաքարյանը, Հրանտ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Մհեր Շահգելդյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։
Եվս երկու պայթյուն հնչել էր մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Այս պահի դրությամբ պայթյունից զոհվել է 15 մարդ, վիրավորվել 55-ը:




























