NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը: Այս կապակցությամբ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծռայության լրատվության վարչության պետ Արծվին Բաղրամյանից: Վերջինս ասաց, որ դեռեւս տեղյակ չէ դեպքի մանրամասներից եւ մեկնաբանություն կարող է տալ միայն վաղը:

Հիշեցնենք, որ երեկ մենք հաղորդել էինք, որ վրացի սահմանապահները, արհամարհելով հայ գյուղացիների հողի նկատմամբ ունեցած սեփականության վկայականներն ու քարտեզները, պնդում են, որ հայ-վրացական սահմանի դեռեւս չհստակեցրած հատվածները պետք է հստակեցվեն: Ներկայումս խնդիրը բավականին սրված է Բավրա գյուղի շրջանում, որտեղի գյուղացիներն այժմ զրկված են սեփական մոտ 3 կմ երկարությամբ եւ 408 մետր լայնությամբ հողատարածքները մտնելու հնարավորությունից:

Ընդ որում, վրացական կողմը հայտարարել է, որ իբր գոյություն ունի 1947 թվականի մի պայմանագիր, համաձայն որի՝ նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: Ու մինչ գյուղացիները ապարդյուն փորձում են պաշտպանել իրենց սեփականության իրավունքը՝ հարցը բավականին սահուն վերաճում է միջպետական լրջագույն խնդրի: Որոշ քաղաքագետների կարծիքով, երկու պետությունների նորագույն պատմության շրջանի առաջին 20-ամյակում այդպես էլ չկարգավորված միջպետական հարաբերություններն այժմ սրացման փուլում են:

NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր երեկոյան ժամը 18-ին այս հարցը քննարկվելու է կառավարությունում փոխվարչպետ Արմեն Գեւորգյանի մոտ, որից հետո էլ պաշտոնական մեկնաբանություն կտրվի խնդրի առնչությամբ: Այդ քննարկմանը մասնակցելու համար Երեւան է հրավիրվել Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը: Նշենք նաեւ, որ ներկայումս խնդիրը գտնվում է դեմարկացիոն հանձնաժողովի իրավասության տակ։