Հայաստանի իշխանությունները, բնականաբար, պատրաստ չեն անհեթեթ զիջումների, բայց մենք կանենք ամեն ինչ պատշաճ ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին մարտի 22-ին հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ:
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես խմբակցության» քարտուղար Արամ Մանուկյանի հարցին այն մասին, արդյոք իշխանությունները պատրաստ են զիջել ՀՀ ԸՕ նախագծի վերաբերյալ 8 հասարակական կազմակերպությունների ու 8 քաղաքական կուսակցությունների առաջադրած 5 պահանջներին՝ Հարությունյանը նկատեց, որ խոսքը իրար զիջումներ անելու մասին չէ:
Մասնավորապես խոսելով ընտրողների ցուցակները մաքրելու պահանջի մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտեց. «Մենք ավելի ողջամիտ լուծում ենք առաջարկում. Պետք է լինի փաստաթուղթ, որը կստուգի էլեկտրոնային սարքավորումը: Մենք ասում ենք՝ եթե միասին կարողանանք դոնորներին համոզել որ գումար հատկացնեն անվճար նույնականացման քարտերի համար, դա ավելի արդյունավետ լուծում կլինի»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ 5 պահանջները հետեւյալն են՝ քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, ցուցակները մաքրելը, տարածքային ցուցակների կիրառման բացառումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու մատների դրոշմանշումը:




























