4+4+4 ձեւաչափի առաջին 4-երի հետ խնդիր չկա, խնդիրը առաջանում է երրորդ 4-ի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողներ հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական օրենգրքի շուրջ իշխանությունների հետ քննարկումների ձեւաչափի խնդրին:

«Ես կարծում եմ` էստեղ էլ հեշտ լուծումներ կան, նախ պետք է թողնենք, որ քաղաքացիական հասարակությունն ինքը կողմնորոշվի: Այո, բարդ խորհրդատվություն է, բայց կան պարզ չափանիշներ, որոնք պետք է ընդունելի լինեն եւ իշխանության, եւ ընդդիմության համար: Պետք է ընդգրկվեն այն ՀԿ-ները կամ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բազմամյա փորձ ունեն պաշտպանելու ժողովրդավարության եւ մարդու իրավունքները Հայաստանում: Քաղաքացիական դիտորդական առաքելություն կազմակերպելու գործում բազմամյա փորձ ունեն, ինչպես նաեւ ընտրությունները վերահսկելու գործում, իսկ դրանք շատ չեն»,-ասաց Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ եթե այս չափանիշները որդեգրվեն, ապա շատ հեշտ կկողմնորոշվեն:

Նշենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Լեւոն Բարսեղյանը, Դանիել Իոանիսյանը, որոնք նույնպես մասնակցում էին խորհրդարանական լսումներին, ընդգծեցին, որ բարդ խնդիր է չորս քաղաքացիական նախաձեռնության ընտրությունը: Ընդդիմադիր կուսակցություններից 4-ի ֆորմատով ընդդիմության կողմից քննարկումներին կմասնակցեն Ժառանգությունը, ՕԵԿ-ը ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

«Հայ ազգային կոնգրեսի համար այդ քննարկման ժամանակ առանցքային է լինելու մեր 5 առաջարկը, այստեղ է, որ իշխանությունը ամենամեծ դիմադրությունն է ցույց տալիս, շատ լավ հասկանում են, որ այդ առաջարկները քանդում են ընտրակեղծարարության ինստիտուտը: Եթե ցուցակների հրապարակման հարցը լուծվի, ընտրակեղծարարության 60-70 տոկոսը կփակվի: Որեւէ պատրաստակամություն չունենք զիջելու քվեարկված ցուցակների հրապարակման հարցում: Պետք է ամեն ինչ անենք, որ դա կարողանանք անցկացնել»,-ասել է Զուրաբյանը: