Այլեւս միջազգային ֆորմատում որեւէ արգելք չկա քվեարկված ցուցակների հրապարակման համար, իսկ դա իշխանությունը հրաշալի գիտի: Այս մասին այսօր` մարտի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Վենետիկի հանձնաժողովի որոշումները իրավական պարտադիր ուժ չունեն: Տեսնելով, որ Հայաստանում կոնսենսուս է ստեղծված այս հարցի շուրջ եւ ոչ ոք մտահոգ չէ մասնավոր կյանքի իրավունքը պաշտպանելու խնդրով ընտրական գործընթացի հարցում, այլ հակառակը բոլորը մտահոգված են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման խնդրով, միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ սա Հայաստանի լուծելու հարցն է: Պատահական չէ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում, ըստ էության, բերված են դրույթներ, որոնք լեգիտիմացնում են ցուցակների հրապարակման պահանջը»,-ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը կողմ են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի, որը պնդում է, որ դա հակասահմանադրական է՝ վկայակոչելով ՍԴ համապատասխան որոշումը: Իսկ այդ որոշման մեջ էլ վկայակոչվում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը:




























