Եթե Հայաստանում ընտրողների ցուցակների հրապարակման հարցը դրականորեն չլուծվի, Ընտրական օրենսգրքի հետ կապված ոչ մի խնդիր չի լուծվի: Այդ մասին մարտի  22-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումների ընթացքում հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:   

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ   «միգրացիայի մակարդակն ավելի բարձր է, քան երկրի փաստացի բնակչությունը»: Ցուցակների հրապարակումից հրաժարման օգտին բոլոր փաստարկները, Մանուկյանի խոսքով, անհամոզիչ են: ԵԱՀԿ-ն, Վենետիկի հանձնաժողովը եւս համամիտ են: «Ինչո՞ւ ընդառաջ չեք գնում: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս դեմագոգիան: Մենք մեխանիզմ ենք առաջարկում զանգվածային կեղծարարություններից խուսափելու համար: Եկեք միանանք այդ   5 պահանջին, ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ը, Հայաստանում հավատարմագրված դեսպանները նույն բանն են առաջարկում, մեզ ընդամենը մի քիչ համախմբվածություն է անհրաժեշտ: Եթե միավորվենք, կլուծենք կեղծարարությունների բացառման հարցը», - ասել է Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 8 հասարակական կազմակերպություն եւ   8 քաղաքական կուսակցություն հայտարարություն են տարածել, որում հետեւյալ 5 պահանջը կա. քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, պատգամավորության թեկնածուների տարածքային ցուցակների կիրառության բացառում, ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրում, մատների նշում թանաքով: