Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Արցախի պետական համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլեւ առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում եւ նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին եւ կառույցներին, որոնք սատարել եւ սատարում են այդ առաջարկը»,-ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների եւ իրավիճակի սրման հետեւում, նույնիսկ հպարտանում է դրանով։

«Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ եւս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով եւ կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: