Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 2015թ. նոյեմբերի 19-ին նախածննդյան փուլում մահացած երեխայի դեպքով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Ըստ Կոմիտեի՝ նորածնի մահվան դեպքով նախաքննությունը շարունակվում է: Արմավիրի մարզի բնակիչ Ա. Քոչարյանից հաղորդում էր ստացվել, որ կինը, 34 շաբաթական հղիությամբ, տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, ինչի հետեւանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Հիշեցնենք, որ մահացած նորածնի հայրը՝ Ալիկ Քոչարյանը, ավելի ավղ մեզ պատմել էր, որ կինը «Շենգավիթ» ԲԿ էր տեղափոխվել Արմավիրի քաղաքի հիվանդանոցից: Նրա խոսքով՝ դեպքից հետո կինն իրեն պատմել է, որ այդ օրն իրեն դեղահաբ են տվել, որից հետո ինքն անմիջապես քնել է, իսկ երբ արթնացել է, պարզվել է՝ երեխայի սրտի բաբախը կանգ է առել

Ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի տարածած հաղորդագրության՝ պտղի մահվան պատճառը եղել է կարճ պորտալարի պարագայում (47 սմ) պորտալարի ամուր փաթաթումը:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։