Իշխանությունն ունի իր շահերը պաշտպանելու նպատակ եւ Ընտրական օրենսգրքի հետ կապված ընդդիմության պահանջները կիրականացնի բացառապես իշխանության վերարտադրման  ռիսկերի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Բնականաբար այն երկրներում, որտեղ դեռ կատարյալ ժողովրդավարություն չկա,  իշխանությունը,  բնականաբար, ցանկանում է իր ռիսկերն այնպես կառավարել, որ իր համար կանխատեսելի ընտրություններ լինեն: Ընդդիմությունն էլ, բնականաբար, ամեն ինչ անում է, որ լինեն թափանցիկ ընտրություններ եւ ինքն էլ արդյունքի հասնելու երաշխիք ունենա: Հիմա այս երկու բեւեռները պետք է հնարավորինս մոտեցնել իրար: Օրինակ, ընտրատեղամասում լրագրողների եւ դիտորդների թվի  սահմանափակման հարցը լուծվում է, բայց առանցքային հարցը, որ ցուցակների հրապարակումն է, դեռ չի լուծվում: Այլ ձեւ են առաջարկում, բայց դա էլ երաշխիք չի տալիս»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա` նախագծում ներկայացված էլեկտրոնային գրանցման տարբերակը չի երաշխավորում   կրկնակի քվեարկության կանխումը: «Այլ ձեւը էլեկտրոնային քվեարկությունը կամ գրանցումն է, որը տեխնիկական առումով երաշխիքներ չի տալիս, թե ով է հանդիսանում սերվերի անվտանգության երաշխավորը:  Եթե հարցը լուծվի, որ անվտանգությունը երաշխավորված է, բնականաբար,  ցուցակների հրապարակման հարցը որոշ չափով իր ակտուալությունը կկորցնի, բայց այս նախագծով այդ երաշխիքը չի տրվում: Թեեւ իրավական ակտ է, բայց վարչարարությունը  չի տալիս երաշխիք»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մելքումյանի խոսքով`  իշխանությունը պետք է կամք ցուցաբերի, որպեսզի առավելագույնս մոտեցնի իր եւ ընդդիմության մոտեցումները, որպեսզի կոնսեսուսի երաշխիք լինի:

Ինչ վերաբերում է  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն վստահեցումներին, որ եթե քվեարկված ցուցակների հրապարակման շուրջ լինի լայն կոնսոլիդացիա, իշխանության վրա ճնշում գործադրելով`  հնարավոր կլինի հասնել  հաջողության, Մելքումյանը նկատեց. «Համախմբման ձեւը պարզ չի, ենթադրենք` ես կողմ եմ ու համախմբվեցի, հետո՞, դա ո՞նց է արտահայտվելու: Այսինքն` մարդիկ դուրս են գալիս հրապարակներ եւ մինչեւ չընդունվի այդ դրույթը, չե՞ն գնալու, պարզ չէ… Բոլոր դեպքերում, միշտ էլ երկխոսությունն է կարեւոր»: