2015-ի մայիսի 9-ին աշխատանքի գնալու ճանապարհին վթարի ենթարկված եւ ողնաշարի լուրջ վնասվածք ստացած 31-ամյա Արամ Յարոյանը ոտքի կանգնելու շանս ունի, սակայն այն իրականություն դարձնելու համար գումար չունի:

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 31 ամյա բնակիչ Արամ Յարոյանը մինչ օրս չի կարողանում ոչ քայլել, ոչ էլ շարժել ձեռքերը: NEWS.am-ի  հետ զրույցում Արամի մայրը` Մարետա Վարդանյանը պատմեց, որ Արամն աշխատում էր «Ստիլ Կոնցեռն» գործարանում` որպես բանվոր ու սովորականի պես ընկերոջ մեքենայով ամեն օր գնում է աշխատանքի: Սակայն մայիսի 9-ին աշխատանքի գնալուց  ընկերը չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է գովազդային սյանը:

Ուժեղ հարվածից Արամին լուրջ վնասվածքներով տեղափոխել  են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատել են ծանր: Արամ Յարոյանին ախտորոշել են զուգակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք, C3, C4, C5 ողերի հետին էլեմենտների կոտրվածք` կոնքի օրգանների խանգարումով.

«Սուր շնչառական խնդիրների պատճառով վիրահատությունը հետաձգվել է: Արամիս միացված է եղել արհեստական շնչառության ապարատ: Երբ մի քիչ վիճակը կայունացել է, վիրահատել են ողնաշարը: Վիրահատությունը նորմալ է անցել, սակայն էրեխիս ոտքի կանգնելու համար վերականգնողական բուժում է հարկավոր, այդ պատճառով էլ հիվանդանոցից տեղափոխեցինք «Արթմեդ» վերականգնողական կենտրոն»,-պատմեց Արամի մայրը:

Տիկին Մարետայի  խոսքով, վերականգնողական կենտրոնում Արամը   դեղորայքային բուժում եւ ֆիզոթերապիայի կուրսեր է անցել մոտ 4 ամիս: Ամեն ամսվա արժեքը կազմել է 400 000 դրամ: Վիրահատության վրա էլ ծախսվել է ավելի քան 5000 դոլար.

«Ինչ ունեինք-չունեինք ծախեցինք` անասուններ, ոսկեղեն ու մինչեւ էսօր կարողացել էինք տղայիս բուժումը շարունակել,, բայց այլեւս հնարավորություն չունենք: Էրեխես էլ էդ ամենը տեսնելով` խնդրել է, որ վերականգնողական կենտրոնից տուն բերենք: Բժիշկները մեզ ասացին, որ այլեւս վիրահատության կարիք չկա, բայց Արամին անհրաժեշտ է վաղ վերականգնողական բուժում` դեղորայքի եւ ֆիզոթերապիաների տեսքով: Ամեն օր ինքն էդ բուժումը պիտի ստանա ու ինչքան ուշ ստանա, այնքան կքչանա նրա ոտքի կանգնելու հավանականությունը: Դրա համար, թեկուզ կաշկանդվում եմ, բայց ես մայր եմ, շատ եմ խնդրում իմ ժողովրդին ինձ մի քիչ օգնեն, որ էրեխես ոտքի կանգնի ու իր փոքր բալին պահի: Չեմ կարողանում տեսնել իմ տղային սայլակի վրա կամ պառկած-անօգնական վիճակում»,-ասաց Արամի մայրը:

Ընտանիքի անդամները NEWS.am-ին պատմեցին, որ ֆիզիոթերապիայի մեկ  օրվա արժեքը 10 000 դրամ է` չհաշված դեղորայքային բուժման ծախսերը, ուեթե վերականգնողական կենտրոնում շարունակի  բուժումը, ավելի շուտ կապաքինվի: Ի դեպ, վիրահատությունից  հետո Արամը կարողանում է ձախ ձեռքը մի փոքր շարժել: Նրա կինը` 25 ամյա Գրետան, պատմում է, որ ամուսինը, ճիշտ է, ընկճվում  է իր անկարող վիճակից, բայց  եւ հավատում է, որ ոտքի է կանգնելու:

Արամ Յարոյանի ընտանիքն այսօր ծանր կացության առջեւ է կանգնած. մայրը երրորդ կարգի հաշմանդամ է, հայրը` թոշակառու: Արամն էլ 2 տարեկան դուստր ունի: Նրանց եկամտի աղբյուրը Արամի եւ ծնողների հաշմանդամության թոշակն է եւ երեխային տրվող նպաստը, որից էլ վերջերս զրկել են: Արամ Յարոյանին օգնելու համար  ՎՏԲ Հայաստան բանկի Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ.

AMD -16025084455400

USD-16025084455401

EUR-16025084455402

RUR- 16025084455403

Հաշվետեր` Գրետա Մաթեւոսյան