Քվեարկված ցուցակների հրապարակման վերաբերյալ իշխանության կողմից ինչ-որ զիջումներ կլինեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի 4+4+4 քննարկման արդյունավետությանը։
«Չեմ բացառում, որ որոշակի զիջումներ կլինեն քվեարկված ցուցակների հրապարակման, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ մատնահետքով քվեարկության մեր պահանջների հետ կապված։ Այս պահի դրությամբ ամբողջությամբ մերժում լսում ենք միայն տարածքային ռեյտինգային ցուցակների եւ ուռճացված ցուցակները մաքրելու պահանջների վերաբերյալ»,-ասաց Դանիել Իոանիսյանը։
Նա նշեց, որ թեեւ խորհրդարանական լսումների ժամանակ իշխանության ներկայացուցիչներից միայն իրենց պահանջների վերաբերյալ հակափաստարկներ ու մերժումներ լսեցին, սակայն դա դեռ չի նշանակում, որ զիջումներ չեն լինելու։ «Եթե ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները չհրապարակվեն ամբողջությամբ, գոնե դիտորդներին ու կուսակցություններին կտրամադրեն այդ քվեարկված ցուցակներն՝ անկախ նրանից տեղամասերում եղել են, թե ոչ։ Դժվար է հիմա կանխատեսումներ անել, բայց ես կարծում եմ՝ զիջումներ կլինեն»,-համոզմունք հայտնեց Իոանիսյանը:
Նշենք, որ 4+4+4 ձեւաչափով քննարկման առաջարկը եղել է ՀԱԿ-ի կողմից, նախատեսվում է ընդգրկել չորսական ներկայացուցիչ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացողների անուններն արդեն հայտնի են։ Ընտրված է չորս հոգի, իսկ երկու հոգին այսպես ասած՝ պահեստային ներկայացուցիչներ կլինեն, որոնք հարկ եղած դեպքում կփոխարինեն հիմնական մասնակիցներին, նրանցից մեկը Դանիել Իոանիսյանն է։
Հինգ առանցքային պահանջներն են՝ ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում, Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով, ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով, ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։
Քննարկմանը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից կմասնակցեն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»։ Քաղաքացիական հասարակությունից՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից Սոնա Այվազյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը եւ իրավապաշտպան Արտակ Զենյալյանը։





























