«Խոսրովի անտառ»-ից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի աղմկահարույց գործով դատախազը փոխվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Նորիկ Սարգսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Այս գործը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր դեռեւս 2014թ. մարտին եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան: Ի դեպ, առաջին ատյանով 2 տարվա ազատազրկման դատապարտված Նորիկ Սարգսյանն արդեն կրել է պատիժը:

«Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում դեռեւս շարունակվում է դատաքննությունը: Գործով դատախազը փոխվեց, նորն էլ ժամանակ խնդրեց՝ նյութերին ծանոթանալու համար: Բացի դրանից, կրկին խուզարկության տեսանյութն ենք ուսումնասիրում»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Փաստաբանը հայտնեց, որ տեսանյութի ուսումնասիրությունից հետո չի բացառվում, որ հարցաքննության կանչվի նաեւ քննիչը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը եւ նրա կինը` Մարինե Գրիգորյանը, ձեռք են բերել որսորդական հրացաններ, փամփուշտներ, գործարանային եւ ինքնաշեն թակարդներ, ձկնորսական էլեկտրական եւ գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ: Նրանք 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, պարբերաբար մուտք են գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ կատարել են Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որս: Ամուսինները մասնավորապես որսացել են մեկ կովկասյան գորշ արջ, բեզոարյան երկու այծ, 11 գլուխ խոզ եւ կարմրախայտ տեսակի 80 ձուկ:

Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել բնապահպան-ակտիվիստների բացահայտումները: Նրանք 2012թ. սեպտեմբերին Խոսրովի անտառում հայտնաբերել են որսագողության տարբեր հանցանշաններ, տեսաձայնագրել այդ ամենն ու հրապարակել լրատվամիջոցներով: