«Հանրապետական կուսակցության» քաղաքական դպրոց հիմնելու որոշման վերաբերյալ որքան տեսնում եմ միայն խրախճանք ու ծիծաղ է դեռեւս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ես իմ կարդացած գրքերից գիտեմ, որ Սովետական Միության ժամանակ անգրագետների համար ստեղծում էին ֆակուլտետներ, որ տառաճանաչ դառնան, հիմա ես մտածում եմ՝ 21-րդ դարում ի՞նչ է նշանակում քաղաքական դպրոց բացելը։ Ամեն դեպքում, դա ինձ հիշեցնում է սովետական տարիները։ Բարձր մակարդակ ունեցող մարդիկ, որ կարող են քաղաքականությամբ զբաղվել, թողնում են, զբաղվում են դպրոց բացելո՞վ, ինչի՞ համար են բացում»,-զարմանք հայտնեց նախկին պատգամավորը։
Բոստանջյանը շեշտեց, որ այդ լուրերին տեղեկանալուց հետո ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել՝ ինչ նպատակ է հետապնդում ու որքանով է արդիական 21-րդ դարում նման քայլը։
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել դրա նպատակն ու կառուցվածքը, չգիտեմ, միգուցե ես եմ քիչ բան հասկանում, էնտեղ ուժեղ մտածողներ կան, բնականաբար, շարքային մահկանացուներից ավելի ուժեղ են մտածում, ավելի առաջ են, ինչ կարող ենք ասել»,-ասաց Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ ՀՀՄ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննարկել է քաղաքական դպրոց բացելու հարցը:





























