Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Արկադի Հարությունյանին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց հարազատներից տիկին Զոյան: Նրա խոսքով, Արկադիի վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է: Իսկ նույն ավտովթարից տուժած Արկադիի կրտսեր եղբայրը` Ռոմանը, դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը նույնպես կայունացել է:

Նշենք, որ Ռոման Հարությունյանին մեկ շաբաթ առաջ վիրահատել էին:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: