Մի քանի օր է՝ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչները ստորագրահավաք են սկսել «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ի կողմից գյուղի միջով անցնող Սեդվի գետի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ: Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները գյուղի երիտասարդներն են, ովքեր իրենց ապագան հենց գյուղում են տեսնում:
«Ես այս գյուղում եմ ծնվել, ճիշտ է՝ որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հիմա վերադարձել եմ ու բոլոր նպատակներս կապում եմ գյուղի հետ: Թե իմ, թե գյուղում շատերի հողամասերն ընկնում են գետի հարեւանությամբ, այնտեղ, որտեղ ցանկանում են հէկ կառուցել: Ես չեմ հավատում, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո գետի ջուրը մեզ կհերիքի, ընկերությունն էլ այդ երաշխիքները չի տալիս»,- ասում է նախաձեռնությանը միացած 27-ամյա Մանվել Մանյանը:
Վերջինիս խոսքով՝ հատկապես ամռան ամիսներին գետի ջուրը պակասում է, ու նույնիսկ հիմա, երբ դեռ ՀԷԿ-ը չի կառուցվել, ջուրը չի բավարարում:
«Մենք ապրելով այդ տարածքում, գիտենք՝ ջուրը երբ է հերիքում, երբ՝ չէ: Ախր դա գետ էլ չի, առու է»,- ասում է երիտասարդը:
Նա ու գյուղի երիտասարդներից շատերը մտադիր են ապագայում ընդլայնել գյուղատնտեսական տարածքներն ու օգտագործել նաեւ այն հողերը, որոնք մինչ այժմ ֆինանսական խնդիրների պատճառով չէին մշակում:
«Ընկերությունում իրենց հաշվարկների մեջ հաշվի են առել միայն ներկայիս գործող հողատարածքները: Գյուղ է, ներդրումները դեռ քիչ են, բայց ապագայում մտածում ենք զբաղվել հողագործությամբ, այգեգործությամբ, որովհետեւ դա է եկամտաբեր: Այդ հատվածի հողերը շատ բերիի են, պետք է մշակենք նաեւ հողերը, իսկ ՀԷԿ-ի կառուցման դեպքում դա անհնար կլինի»,- նշում է Մանվելը:
Նա ու գյուղի մյուս երիտասարդները վստահեցնում են, որ պայքարելու են մինչեւ վերջ:






























