Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում իրեն պատկանող բաժնետոմսերի քանակը։ Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում։
2008-2011 թթ. մի շարք վարկային ծրագրերով Հայաստանի գյուղական վայրերում կառուցվել են 76 գազաբաշխիչ համակարգեր (գազատարներ)։
Դրանց հաշվեկշռային արժեքը 5,6 մլրդ դրամ է (մոտ 15 մլն դոլար)։ Կառավարությունն առաջարկում է այդ գազատարները տրամադրել «Հայռուսգազարդին», ու այդ չափով ավելացնել նրա կանոնադրական կապիտալում Հայաստանի մասնաբաժինը։ Այդ նպատակով «Հայռուսգազարդը» կիրականացնի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում։
Նշենք, որ «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը, ըստ ընկերության կայքէջի տեղեկատվության, ներկա պահին կազմում է 316,6 մլրդ դրամ (մոտ 850 մլն դոլար), որի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին», իսկ 20 տոկոսը՝ ՀՀ կառավարությանը։ 2009 թ. մեկ այլ բաժնետեր՝ «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի»-ն, դուրս է եկել ընկերության բաժնետերերի կազմից, իր 4,45 տոկոս բաժնեմասը վաճառելով «Գազպրոմին»։





























