Հայաստանում փոխվել է ներմուծման եւ արտահանման դինամիկան, այս տարի արտահանման դինամիկան գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով, արտահանման ծավալն աճել է լեռնաարդյունաբերության եւ շինարարական նյութերի հաշվին, նաեւ գյուղատնտեսության հաշվին: Ընթացիկ տարում արտահանման աճի դինամիկան կազմել է 43,3 տոկոս, իսկ ներմուծումը նվազել է 22,8 տոկոսով: Այվազյանի կանխատեսումներով, արտահանման աճի ցուցանիշը կազմել է 63 տոկոս:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, հակաճգնաժամային ծրագիրը գործում է եւ ռեալ արդյունքներ է տալիս: «Տարվա սկզբից բավական հուսադրող տնտեսական աճ է արձանագրվել: Չնայած, որ 2009թ. անկումը կազմել է 14 տոկոս, կառավարության հակաճգնաժամային ծրագրի գոյության այս ամիսներին մենք դրական արդյունքներ ունենք: Ուրախացնում է փաստը, որ տնտեսական աճի ոլորտում գործուն դերը պատկանում է արդյունաբերությանը»,- ասել է նա:
Մինասյանին շատ էր ուրախացրել այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունում վերջին 5-6 ամիսներին աճ է գրանցվում, միաժամանակ նա տխրել էր, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանները թույլ չեն տվել բարձր տնտեսական ցուցանիշներ ունենալ՝ գյուղատնտեսության ոլորտում 23 տոկոս անկում արձանագրելով:




























