Կարելի է ենթադրել, որ «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում շարունակվում է ադրբեջանական լոբբինգը: Այս մասին մարտի 29-ին խորհրդարանում լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ ամփոփելով մարտի 21-23-ը «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքները:
Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանը հայտնել է «Եվրոնեսթ»-ից դուրս գալու մասին, եւ Բրյուսելում ադրբեջանցի պատգամավորներ չեն եղել, սակայն «օկուպացված տարածքների» մասին հայտարարությունները շարունակել են հնչել, ընդ որում, առանց կոնկրետացնելու:
«Հանկարծ մոտենում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կամ ԵՄ այլ պետության պատգամավորը եւ ընդհանուր հայտարարություններ անում օկուպացված տարածքների մասին: Ընդ որում, չպարզաբանելով, թե ինչ տարածքներ: Նման լղոզված ձեւակերպումները կարող են հետագայում օգտագործվել: Եվ մենք մշտապես փորձել ենք դա հասցնել մեր գործընկերներին: Արդյունքում մենք եկանք կոնսենսուսի, որ Հայաստանի շահերը պետք է հարգել»,- նշեց Պողոսյանը:





























