Չի կարելի բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին մարտի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը
Նրա խոսքով չի բացառվում նաեւ Իրան- Ադրբեջան- Ռուսաստան երկաթգծի շինարարությունը: «Ամենաքիչը դրանում իրականական կողմն է շահագրգռված: Այստեղ զգալի դեր է կատարում Վրաստանի գործոնը»,- նշել է Բադեյանը: Հայկական կողմը, շարունակել է պատգամավորը, փորձում է բանակցել իրանական կողմի հետ ու ավելի շատ երաշխիքներ ներկայացնել, քան Ադրբեջանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, «Քրիստոնյա դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համարում է, որ Իրան- Ադրբեջան- Ռուսաստան երկաթգիծ չի լինի: «Ադրբեջանը Թուրքիայի նպատակների կատարողն է: Երկաթգիծ կառուցելը նշանակում է աջակցել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը դրան չի համաձայնի: Դրան չի գնա նաեւ Իրանը, քանի որ Հյուսիսային Իրանում կա խնդիր ադրբեջանական բնակչության հետ: Այստեղ աշխարհաքաղաքական շահերը տնտեսականից կարեւոր են»,- շեշտել է Գիմիշյանը: Ռուսաստանը հավելեց նա, նպատակ ունի, Ադրբեջանին ԵՏՄ–ում ներառել, բայց դա բացառված է:





























