Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 29-ին արդարացման դատավճիռ է կայացրել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով։

NEWS.am-ը նախկինում արդեն անդրադարձել էր Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանի, ինչպես նաեւ Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի գործին:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անդրանիկ Խոջումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման:

Մինչդեռ ինքը՝ ամբաստանյալը պնդում էր, որ 2014թ. ապրիլի 1-ին դարձել է զինված հարձակման զոհ, իսկ իր օրինական որսորդական հրացանից «Իջեւանատուն» համալիրի բակում կրակոցներ է արձակել ոչ թե հասարակական կարգը որեւէ կերպ խախտելու, այլ ընդամենը իրեն ու իրեն պատկանող գույքը զինված հարձակումից պաշտպանելու նպատակով:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Անդրանիկ Խոջումյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Ահա այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց այդ գործով կայացված որոշումը, որով Անդրանիկ Խոջումյանն արդարացվեց խուլիգանության մեղադրանքով, ու թեեւ վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ա.Խոջումյանի գործողություններում առկա է սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք, այնուամենայնիվ այդ մասով եւս քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Կայացված որոշմամբ Անդրանիկ Խոջումյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Մեզ հետ զրուցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց. «Կարծեմ ժամանակին առիթ ունեցել եմ այս գործով հրապարակային հանդես գալու, ու նշել էի, որ ակնկալիքներ ունեմ, որ Վերաքննիչ դատարանը արդարադատություն կիրականացնի։ Այս ակնկալիքների համար հիմք էր հանդիսանում հատկապես բողոքը քննող դատարանի կազմը, ովքեր արդեն բազմաթիվ անգամներ առիթ ունեցել են ապացուցելու, որ արդարադատություն իրականացնող են՝ անկախ գործի շուրջ առկա բազմաթիվ երեւացող ու չերեւացող խութերից: Անչափ ուրախ եմ, որ չեմ սխալվել, եւ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուց հետո հույս ունեմ, որ արդարադատություն իրականացնելու իրենց պարտականության մասին կհիշեն նաեւ այդ դատարանի մյուս դատավորները»:

Լուսանկարները՝ Տաթեւ Խաչատրյանի