Հայաստանի համար եվրասիական ինտեգրումը շահավետ դուրս եկավ: Այս մասին մարտի 29-ին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Երեւանում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:
Նա նշել է, որ նման եզրահանգման է բերել նրա նախարարության հանգամանալից վերլուծությունը: Ընդ որում, հաշվի է առնվել միայն եվրասիական ինտեգրացիայի ազդեցությունը, առանց Ռուսաստանի տնտեսական դժվարությունների: Առաջին հերթին, որովհետեւ դրանք պայմանավորված չեն եղել ինտեգրմամբ, եւ երկրորդ հերթին, դրանից տուժել են Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող բոլոր երկրները, այդ թվում՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ այլն:
Մասնավորապես ԵՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանը կրճատել է ապրանքների բեռնափոխադրման եւ մաքսային ընթացակարգերի համար ծախսվող ժամանակը: Այսպես՝ արտահանելիս սահմանն անցնելու ժամանակը 50 ժամից կրճատվել է մինչեւ 3 ժամ: Դրա շնորհիվ մասամբ 2015-ին Համաշխարհային բանկի Doing Business-ում Հայաստանն առաջադիմել է:
Միջսահմանային առեւտրի ենթավարկանիշում Հայաստանը 58-րդ տեղից միանգամից հայտնվել է 29-րդում, իսկ ընդհանուր առմամբ վարկանիշում Հայաստանը 38-րդ հորիզոնականից առաջադիմել է 35-րդ հորիզոնական:




























