2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում մի խումբ անձանց կողմից քաղաքացի Քաջիկ Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոորոշման օրինականությունը ստուգող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:





























