Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել մարտի 28-ին երեկոյան տարեց կնոջ տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման մասին:

Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով՝ տանտիրուհին դեպքի օրը գտնվել է տանը եւ հյուրընկալել ամուսնու բարեկամներից մեկին։ Վերջինս 68-ամյա կնոջն այցելել է ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, սուրճ խմել, ապա՝ խնդրել երկրորդ բաժակ սուրճը։ Երբ կինը բաժակը ձեռքին քայլել է դեպի հյուրասենյակ, ուժեղ հարված է զգացել գլխին, որից հետո տղամարդը նրան գցել է բազկաթոռին ու բարձը սեղմել դեմքին, երբ վերջինս սկսել է գոռալ եւ օգնության կանչել։  Բռնության ենթարկված կնոջը հաջողվել է ոտքով հարվածել փոքր սեղանին, ինչը շրջվել է։ Աղմուկի ձայներ լսելով՝ մուտքի դռանն է մոտեցել հարեւանը եւ թակել դուռը՝  հարցնելով, թե ինչ է եղել։ Հյուրընկալված տղամարդը, տարեց կնոջը գցելով հատակին, 2-րդ հարկի պատշգամբից փախել է:

1948թ. ծնված կինը, «Գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` սպանության փորձի հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել տուժած բնակչուհուն հյուրընկալված անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։