Մարդու իրավունքների պաշտպանն ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր առաջարկներով հանդես է գալիս որպես ապօրինի իշխանությունների պաշտպան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Օմբուդսմենը մի քանի կետեր է մատնանշում, բայց հիմնականը վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, ոչ թե իրավունքների պաշտպանությանը: Նա այստեղ հանդես է գալիս իշխանությունների պաշտպան: Ստորագրված ցուցակների չհրապարակելուն կողմ արտահայտվելով, նա փորձում է վերափոխելով անդրադարձ կատարել եւ փորձում է սահմանափակման թեզն առաջ տանել: Ըստ էության նա փորձում է հանդես գալ որպես ցուցակների հրապարակման արգելքի կողմնակից»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ ՄԻՊ-ի առաջարկն այս հարցում չի տարբերվում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիրքորոշումից:
Փոստանջյանը նշեց նաեւ, որ եթե չհրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, խոչընդոտվում է նաեւ այն մարդկանց իրավունքը, որոնք ՀՀ-ում չեն եղել եւ հնարավորություն չեն ունենալու տեսնել` ովքեր են են քվեարկել իրենց փոխարեն:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը ընդդիմության առանցքային պահանջներից մեկն է: Մինչդեռ իշխանությունները նշում են, որ դա հակասահմանադրական է եւ խախտում է ընտրության գաղտնիության իրավունքը:
Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն եւ հանդես եկել առաջարկներով:
Օմբուդսմենն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել։



























