Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի թույլ տան ապրիլին Մոսկվայում ցուցադրել իր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմը: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ Մոսկվա մեկնելուց հետո պատրաստվում է հանդիպումներ ունենալ մի շարք ռուս քաղաքական գործիչների եւ գործարար անձանց հետ:

«Ֆիլմը  պետք է ցուցադրվի Ռուսաստանում, դա կարող եմ ասել հաստատ, իսկ հանդիպումները մասնավոր հանդիպումներ են լինելու, քաղաքական գործիչների, գործարարների հետ եմ հանդիպումներ ունենալու: Արդեն դիմել ենք մշակույթի նախարարություն եւ ասել են, որ 14 օրվա ընթացքում կպատասխանեն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ն հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի, Հակոբ Հակոբյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, եւ նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլեւ խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով եւ գովաբանել յուր ռեժիսուրան՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը: