ՀՀԿ քաղաքական դպրոցում դասավանդելու են կուսակցության` ոլորտին եւ թեմաներին տիրապետող անդամներ եւ ակադեմիաներից հրավիրված դասախոսներ: Այս մասին այսօր` 30-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Լրագրողների այն հարցադրմանը, թե արդյոք դպրոցում դասավանդելու են ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) եւ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Աշոտյանը բացասական պատասխան տվեց: «Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, եւ Սամվել Ալեքսանյանը ոչ ուսանելու ոչ էլ դասավանդելու են քաղաքական դպրոցում»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցում դասախոսություններ կկարդան միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:

ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ դպրոցում դասախոսություններ ընթերցելու են հրավիրելու քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին, ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, հարցն առկախված է, չնայած որ, ըստ Աշոտյանի, ընդդիմադիրների շարքերում էլ կան քաղաքական պրոցեսներին քաջատեղյակ գործիչներ:

Այն նկատառմանը, թե քաղաքական դպրոց ստեղծելու «վաղուց եփվող եւ իր կողմից բյուրեղացված» գաղափարը իրականացնելով, Աշոտյանը փորձում է իր համար աշխատատեղ ստեղծել, վերջինը պատասխանեց. «Ես աշխատանքի խնդիր չունեմ, երգեր եմ գրում, հեռուստաշոու եմ վարում, եւ ի վերջո ՀՀԿ փոխնախագահ եմ»: