Վանաձորի անհատ տաքսու վարորդները կրկին հավաքվել են քաղաքապետարանի դիմաց. այս անգամ պատճառը Վանաձորի քաղաքապետարանից ստացված ծանուցումներն էին այն մասին, որ քաղաքապետարանի առեւտրի ու տրասնպորտը համակարգող բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ՝ 2015թ.-ին համայնքի տարածքում մարդատար տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը չվճարելու հիմքով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհատ տաքսու վարորդները ծանուցման մանրամասներին ու տեղական տուրքի չվճարման դեպքում հնարավոր հետեւանքներին ծանոթանալու համար հանդիպել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի հետ:

Վերջինս նշեց, որ տեղական վճարների ու տուրքերի չափը հաստատում է համայնքի ավագանին  եւ ընթացիկ տարվա համար ավագանին հաստատել է տեղական տուրք՝ տարեկան 15.000 դրամի չափով:

«Քանի որ 2015թ.-ի տուրքը չեք վճարել, մենք ձեզ հիշեցում-զգուշացում ենք ուղարկել, որ դուք պարտավոր եք այն վճարել: Հակառակ դեպքում օրենքով սահմանված հաջորդ գործողություններն ենք կատարելու, այսինքն՝ օրենքով սահմանած կարգով պետք է ձեզ պարտադրվի այդ գումարը վճարել»,- նշեց աշխատակազմի քարտուղարը:

Այլ կերպ ասած երկամսյա ժամկետում 2015թ.-ի տեղական տուրքը չվճարելու դեպքում համայնքը որոշում է  կայացնելու ու տեղական տուրքի բռնագանձման պահանջով հարցը կներկայացվի հարկադիր կատարման:

Ինչպես նախորդ ցույցի ժամանակ, այնպես էլ այս անգամ տաքսիստները վրդովվեցին՝ նշելով, որ Երեւանում, որտեղ ուղեւորահոսքը մեծ է, տարեկան տուրքի չափը 10.000 դրամ է:

«Դուք ձեր բերանով ասում եք, որ դժվարացել է գործը, տաքսի նստողը քչացել է եւ էդքանն ու գյորա որոշել եք սահմանել 15.000 դրա՞մ»,- նկատեց տաքսու վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ էլ դժգոհեց՝ տաքսի ծառայություն իրականացնելու լիցենզիան ստացել է 2015թ.-ի դեկտեմբերին, ինչո՞ւ պետք է 10-20 օր տաքսի ծառայություն իրականացնելու դեպքում վճարի ամբողջ տարվա համար:

Վարորդները քաղաքապետարանից հեռացան դժգոհ, չբացառելով, որ ներկա պայմաններում ստիպված կլինեն ուղղակի հետ վերադարձնել ստացած լիցենզիաները: