Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործով  որպես մեղադրյալ կալանավորված, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակված Արթուր Գեւորգյանի համար տարօրինակ է, որ այս միջադեպից հետո շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, նրա խոսքով, տեղի ունեցած միջադեպի հետ մարզպետը որեւիցե կապ չունի. «Սուրիկ Խաչատրյանն ընդհանրապես կապ չունի, ես էլ եմ զարմացած, որ նրա անունը շոշափվել է: Թե էդ մարդուն խի՞ խառնեցին էս գործի մեջ՝ չեմ հասկանում»,- այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում  ասաց նա:

 Արթուր Գեւորգյանի խոսքով, ինքը վիճաբանության ժամանակ չի իմացել, որ Գորիսի ոստիկանապետի հետ է վիճել. «Ես  որ տեղյակ լինեի, որ ոստիկանապետն է՝այլ կերպ կմոտենայի: Ինձ մեքենայի մեջ ոստիկաններից մեկն ասաց՝ գիտես, որ ոստիկանապետի հետ գործ ունես»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նրա խոսքով, մարտի 8-ին ընկերներով Գորիսի ռեստորաններից մեկում են եղել,  ուզեցել են ռեստորան  մտնել, սակայն, իենց թույլ չեն տվել՝ ասելով, որ այն արդեն փակ է: Երբ պատրաստվել են դուրս գալ, տեսել են, որ ինչ-որ մեքենա են ներս թողել, այդ ժամանակ Արթուրի ընկերներից մեկը բարկացել է եւ հարցրել՝ ինչու են նրանց թույլ տալիս մտնել, իրենց՝ ոչ, որից էլ սկսվել է ծեծկռտուքը:

«Ընկերոջս քաշում, տանում էին,  իջել եմ, որ ասեմ՝ ընկերոջս խի՞ եք  տանում ու միանգամից վիճաբանություն է սկսվել: Ռեստորան էինք ուզում մտնել, ասացին փակ է,  չթողեցին մտնել, հետո տեսանք, որ ինչ-որ մեքենայի թողեցին ներս, ընկերս իջավ, ասաց՝ գնամ տեսնեմ էդ ինչի իրենց թողեցին, մեզ չէ: Մեկ էլ տեսա, որ մեկը քաշքշում է , ընկերներով իջանք, գնացինք տեսնելու՝ ինչ ա եղել: Հետո ինձ ասացին՝ դու՞ ով ես, ի՞նչ կապ ունես ու հարձակվեցին իմ վրա ու սկսեցին ծեծել, հետո պարզվեց, որ ոստիկանապետն է»,-պատմում է Արթուրը:

Նրա խոսքով, ծեծկռտուքի արդյունքում ինքը մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարվածների հետեւանքով վնասվել է լեզուն. «Լեզուս էր վնասվել, թոքերիս շրջանում ցավեր ունեի, բայց արդեն լավ եմ զգում»:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը դեպքից  հետո կալանավորվել էր, սակայն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: