Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական դարձնել: Այս մասին այսօր` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կուսակցությունը կսատարի իր թեկնածուին` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին:

«Մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երեւանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ: Քաղաքային հյուրախաղերը տեղին չեն Հրազդանում, որտեղ քաղաքացիները շատ լավ իրար գիտեն, եւ շատ լավ գիտեն բոլոր թեկնածուներին: Lրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն մենք չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու, եթե դրա կարիքը լինի, իսկ այս պահին դրա կարիքը չկա»,-ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը հրազդանցիների կամքին թողեց թեկնածուների ընտրությունը, միայն նշեց, որ իրենց թեկնածուն շատ լավ շանսեր ունի:

«Արամ Դանիելյանը իր աշխատանքով եւ գալիք քարոզարշավով էլ ցույց կտա, որ հնարավոր է Հրազդանի խնդիրները լուծել»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն մարտի 29-ի առավոտյան այցելել է Հրազդանի քաղաքապետարան, գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը, սակայն, տեղում չի եղել:

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը դիմել է գլխավոր դատախազություն, որտեղ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու փորձել ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Նրանք տեսանկարահանել են Նիկոլ Փաշինյանի այցելությունները

եւ ակնկալում են, որ գլխավոր դատախազությունը պատասխանատվության կենթարկի նրան «ընտրական գործընթացի այդ կոպիտ խախտումների համար»:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, պարզելու համար, թե ովքեր են իրեն հետեւել եւ լուսանկարել Հրազդանում, ում հանձնարարությամբ եւ արդյոք նրանք զինված են եղել: Ինչ վերաբերում է դպրոցներ այցելելուն, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական եւ քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ»:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ 2 դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: