Վանաձորում մարտի 29-ին թիվ 24 դպրոցի հարևանությամբ անցնող գազատարի հրդեհի հետեւանքով տուժած 6 քաղաքացիներից մեկին այսօր՝ մարտի 30-ին, տեղափոխել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վանաձորի բժշկական կենտրոնից:
Տուժած մյուս 5 քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վանաձորի թիվ 24 դպրոցի հարևանությամբ անցնող գազատարի հրդեհը մարտի 29-ին տեղի է ունեցել գազատարի փականի պրոֆիլակտիկ ստուգումների իրականացման ընթացքում:
Հարևանությամբ գտնվողները զգացել են գազի ուժեղ հոտ, րոպեներ անց հրդեհ է բռնկվել: Ականատեսների խոսքով՝ մինչեւ աշխատանքները սկսելը իրենք գազի հոտ չեն զգացել:
Նշենք, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 6 քաղաքացի: Նրանք բոլորն էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մասնաճյուղի աշխատակիցներ են:
Հիմնականում այրվել են տուժածների ձեռքերը, դաստակները, դեմքն ու գլուխը: Այրվածքների աստիճանն առայժմ գնահատվում է 1-ից 3 աստիճան:
Հիշեցնենք, որ տուժածներն են 36-ամյա Արման Ղարդաշյանը, 66-ամյա Գագիկ Սարգսյանը, 31-ամյա Արմեն Մատինյանը, 37-ամյա Գեորգի Գրիգորյան, 57-ամյա Արծրուն Եղշատյանը, 34-ամյա Վաչե Ղազարյանը:



























