Անհնար է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում որակյալ տեսահսկում ապահովել: Մարտի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով տեսախցիկների տեղադրման անհրաժեշտության մասին հարցին՝ նա նշեց. «Մենք տարբեր մոտեցումներ ունենք, մենք դա կարեւոր գործիք չենք համարում»: Հարությունյանի խոսքով, այդ հարցում իշխանությունը սկզբունքային առարկություն չուներ՝ պայմանով, որ խոսքը ոչ թե առցանց նկարահանման, այլ պարզապես նկարահանման մասին լինի, որպեսզի ընտրություններից հետո ցանկացած կուսակցության պահանջով պատճեն տրամադրվի: Սակայն, ըստ Հարությունյանի, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը հնարավոր կլինի միայն դոնորական կազմակերպության առկայության պարագայում, իսկ պետությունն այդ քայլին չի գնա:
«Մենք փորձեցինք որեւէ մերձեցման հասնել: Մատների թանաքոտումն անընդունելի ենք համարում. դա կհանգեցնի ավելի մեծ անորոշության, ավելի շատ կվնասի ընդհանուր իրավիճակին, քան օգուտ կտա»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ տիրող ընդհանուր մթնոլորտին, ապա «կրքերը պարբերաբար թեժացել են»: «Բայց մենք, ի վերջո, մեր մեջ ուժ եւ կամք էինք գտնում քննարկումը շարունակելու համար»,- ամփոփեց Հարությունյանը:




























