Հայաստանի ընտրողների մատների դրոշմանշումը անհեթեթ առաջարկություն է: Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝անդրադառնալով ՀՀ ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկին:
Նրա խոսքով, հարյուր անգամ ասվել է, որ դա հնարավոր է միայն աֆրիկյան վայրի ցեղերի մոտ, քանի որ աֆրիկյան տարբեր երկրներում անձնագրեր ու նույնականացման քարտեր ներկայացնելու հնարավորություն պարզապես չկա: Եվ մարդուն նույնականացնելու այլ միջոց այնտեղ գոյություն չունի: «Մատների դրոշմանշումով բացարձակապես ոչ մի խնդիր չի լուծվում: Անընդունելի ու անհասկանալի է նաեւ քվեարկածների ցուցակները հրապարակելու պահանջը: Ոչ մի եվրոպական ժողովրդավարական երկրում նման բան չկա: Նախ դա ոչ մի հարց չի լուծի, եւ հետո՝ խառնաշփոթ կառաջացնի»,- վստահեցրել է Լեւոն Մարտիրոսյանը:
Նշենք, որ ընտրությունների ժամանակ մատների դրոշմանշումը կիրառվում է ոչ միայն աֆրիկյան երկրներում: Ավելին՝ այն կիրառվել է օրինակ Ղրղզստանում, որը Հայաստանի հետ միասին ԵՏՄ անդամ է:




























