Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 23-ին ընդունել է «Կրեդիտ-Ագրիկոլ» բանկային խմբի նախագահ Ժան-Մարի Սանդերին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում:

«Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար»,-ասել է նա:

«Կրեդիտ-Ագրիկոլ» բանկային խմբի նախագահ Ժան-Մարի Սանդերը նշել է, որ  «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկը մեծ սիրով եւ պատասխանատվությամբ է իր  գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը` առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ`գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաեւ իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:

Ժան-Մարի Սանդերի խոսքով, «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկը, բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրեւ օրինակ, նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

 Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման եւ ընդլայնման համար: