«Օֆշորի» հայտնի գործով մեղադրվող Աշոտ Սուքիասյանը նախորդ դատական նիստի ժամանակ իր տված ցուցմունքում սուտ է ասել, թե ինքն է կեղծել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները: Այս մասին այսօր` մարտի 31-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` նշելով, որ գործով ամբաստանյալը նաեւ ստել է` ասելով, թե Փայլակ Հայրապետյանն անձամբ է իրեն խնդրել, որ օգնեն իրեն վարկ տրամադրելու հարցում, քանի որ սնանկացած գործարար է եղել:
«Ստում ա` ասելով, որ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կապ չունեն ու ինքն է նրանց ստորագրությունները կեղծել: Այդ ժամանակ Կիպրոսում է եղել Կճոյանը ու Սարգսյանի անձնագրի պատճենն է եղել իր հետ, ամեն ինչ միասին են արել: Ես արդեն միջնորդել եմ, որ գան դատարանում իրենք ցուցմունք տան, բա իմ ամբողջ ունեցվածքը` 100 միլիոն, վերցրել են, թող գան ապացուցեն, որ տեղյակ չեն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօրվա դատական նիստը մեղադրյալի եւ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով հետաձգվեց: Այսօր դատարանում պետք է ցուցմունք տար գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 7-ին:
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:



























