Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետեւանքները դեռեւս չբուժած՝ Սեւանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետեւանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ճակատի հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է Սեւանա լճում մինչեւ 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում եւ ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության եւ իրացման գործընթացները ներառելու են չորս փուլեր․մանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում եւ իրացում։

Չնայած նրան, որ ծրագրում նշված են տարբեր միջոցառումների եւ ֆինանսական հատկացումների մասին՝ ուղղված Սեւանի իշխանի պաշարների վերականգմանը, այնուամենայնիվ սա ընդամենը մի հերթական բիզնես նախաձեռնություն է։ Ակնհայտ է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը ոչնչացման եզրին հասցնելուց հետո, մեր «վայ» կառավարիչները նոր տարբերակ պիտի գտնեին ձկնաբուծական գործունեությունը շարունակելու եւ ընդլայնելու համար։

Իսկ թե ինչ փոփոխություններ են կարող լինել Սեւանի ջրի որակի հետ տարեկան 50 000 տոննա ձուկ աճեցնելու եւ նույնքան արհեստական կերի օգտագործման արդյունքում՝ կարելի է հասկանալ մի քանի թվերի ուսումնասիրության արդյունքում։ Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության մեջ նշված են որոշ միջազգային փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ եւ 25 կգ ֆոսֆոր։ Այսինքն նախագծային հզորությանը հասնելու դեպքում մենք ունենալու ենք տարեկան մոտ 6600 տոննա ազոտի եւ 1250 տոննա ֆոսֆորի արտանետում Սեւանա լիճ։

Չկան հստակ պատասխաններ այն հարցերին, թե ի՞նչ հետեւանքներ կունենան այդ արտանետումները, իրականում հնարավոր է արդյո՞ք դրանք նվազեցնել ու ինչ ծավալներով։ Սակայն մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Սեւանի ջրի որակը կտրուկ վատացել էր՝ Շորժա գյուղին հարող տարածքում դեռեւս 2012 թվականի օգոստոսից իրականացված ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական փուլի ընթացքում, ընդամենը 50 տոննա ձկան արտադրության արդյունքում։ Այդ փաստը հաստատվել է նաեւ այդ պիլոտային ծրագիրը իրականացնող կազմակերպության տնօրենի հետ մասնագետների հանդիպման ժամանակ, որին ներկա եմ եղել նաեւ անձամբ ես։

Մնում է միայն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրականություն դառնա այս վտանգավոր ծրագիրն ու մանրաձուկը տրամադրվի տարբեր անհատ գործարարների, որոնք էլ 12 ցանցավանդակային տնտեսություններում սկսեն արհեստական կերով աճեցնել տարեկան 50 000 տոննա ապրանքային ձուկ։ Ինչքան էլ փորձեն մեզ բոլորիս համոզել, թե լուրջ վերահսկողություն կիրականացվի եւ խնդիրներ առաջանալու դեպքում ծրագիրն անմիջապես կդադարեցվի, հայաստանյան իրականության բոլոր նրբությունները հաշվի առնելով՝ ուղղակի անհնար է հավատալ եւ վստահել այդ պնդումներին։

Իհարկե այս ծրագրում կան նաեւ այլ լուրջ էկոլոգիական վտանգներ (ձկների հիվանդությունների եւ մակաբույծների ինկուբացում ու փոխանցում ձկների վայրի հանրույթ, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական եւ քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկնատեսակների փախուստ ցանցավանդակներից եւ նրանց խաչասերում վայրի ձկների հետ, տնտեսություններում ձկան զանգվածային մահացում եւ հեռացում, ցանցավանդակների բուսաճ, տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ եւ այլն), սակայն միայն Սեւանի ջրի որակին սպառնացող վտանգների մասին վերոնշյալ հանգամանքները լիովին բավական են այս ծրագիրը հակաէկոլոգիական եւ հակաբնապահպանական գնահատականի արժանացնելու համար։