Մարտի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով եւ համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ, ոստիկանությունը սպանության փորձ կատարած քաղաքացուն (Գեւորգ Գեւորգյան) հայտնաբերվել է ԼՂՀ-ում եւ բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղամ Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա հարձակում է եղել, վնասել են տանտիրուհուն եւ դիմել փախուստի, սակայն գողություն չեն կատարել:
Նույն օրը, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ հիշյալ բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 1948 թ. ծնված Նուրիցա Թ.-ին:
Մարտի 29-ին, ժամը 12-ին, Նուրիցա Թ.-ն հաղորդում էր տվել, որ մարտի 28-ին, ժամը 21.30-ին, իր ամուսնու եղբորորդին` 1986 թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը, ձեռքերով հարվածել է իր գլխին, ապա ձեռքով եւ բարձով փակել բերանը: Իր օգնության կանչերին արձագանքել են հարեւանները, ինչից հետո Գեւորգ Գեւորգյանը դիմել է փախուստի:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակման ենթարկված կինը միայնակ էր ապրում. ամուսինը 1 ամիս առաջ էր մահացել:































