Հայաստանում գործազուրկների շարքում մեծ թիվ են կազմում ինժեներները հատկապես` ինժեներ-շինարար, ինժեներ-մեխանիկ, ինժեներ-տեխնոլոգները, տնտեսագետները, վաճառողները, մանկավարժ դասավանդողները, բուժքույրերը, հաշվապահները, վարորդները, բանվորները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

«Ըստ Զբաղվածության պետական գործակալության վիճակագրական տվյալների՝ թվարկված մասնագիտություններով աշխատանք չգտնելու պատճառները տարբեր են. մի դեպքում, աշխատաշուկայի պահանջարկը ավելի քիչ է, քան աշխատաշուկա մտնող մասնագետների թիվը: Մյուս պատճառը զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների շուրջ 25.8%-ը երկարաժամկետ գործազուրկներ են, որոնք հիմնականում կորցրել են ունեցած հմտությունները, հաճախ նաեւ` դեպի աշխատանքը մոտիվացիան»,-ասաց նա:

Ցողիկ Բեժանյանը նշեց, որ Հայաստանում առկա է նաեւ գործազրկության կառուցվածքային անհամաչափություն՝ առկա թափուր աշխատատեղերի գերակշիռ մասը` ազգային մտածողությամբ պայմանավորված, տղամարդկանց համար է, մինչդեռ գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են:

«Առկա է նաեւ մարզերի անհամաչափ զարգացման խնդիրը, այսպես մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագիտությունների գծով աշխատատեղեր, մինչդեռ գործազուրկ բժիշկները փոքրաթիվ են եւ գրանցված են հիմնականում Երեւանում: Նմանատիպ խնդիր առկա է նաեւ դասավանդողների, տարատեսակ տեխնոլոգների պարագայում»,-ասաց նա: