Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ինքը մեղավոր չէ:

Այսօր` ապրիլի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արամ Գրիգորյանն իր վերջին խոսքում ընդգծեց, որ նախաքննությունն ընթացել է խախտումներով:

«Իմ մեքենան տուգանայաին հրապարակ է տարել ոստիկանը: Իմ մեքենայի լույսերն անսարք չեն եղել, եւ հիմա պնդում եմ, որ մեքենան վարել եմ մոտիկ լույսերով: Բացի դրանից, քննչական կողմն ինձ վրա ճնշումներ է գործադրել` ասելով, թե ես մեղավոր եմ: Քննիչն էլ ինձ ասում էր` դիմեիր փախուստի, կրծնեինք գլխացավանքից»,- ասաց արամ Գրիգորյանը` հավելելով, որ ինքը ցավակցում է տուժող կողմին:

Արամ Գրիգորյանը դատարանին ներկայացրեց ամուսնության իր վկայանը, սակայն դատավորը դա չընդունեց, քանի որ բնօրինակը չկա:

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն իր ռեպլիկում կրկին պնդեց, որ ամբաստանյալը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները. «Միեւնույն ժամանակ, պնդում եմ, որ նրա պատիժը պայմանականորեն չկիրառվի»:

Ամբաստանյալի փաստաբան Նորայր Նորիկյանի համար էլ տարօրինակ էր մեղադրող կողմի ռեպլիկը. «Երբեք ականատես չեմ եղել, որ մեղադրողը նենգափոխի իրադրությունը: Ցույց տվեք մի դեպք, որ Արամ Գրիգորյանը շեղել է նախաքննությունը: Հարգելի դատարան, պաշտպանական կողմը պնդում է` Արամ Գրիգորյանը երբեւիցե չի գործել հակաօրինական կամ հակաբարոյական վարք: Նա դեպքի վայրից փախուստի չի դիմել, եղբոր հետ գնացել է հիվանդանոց, երբեք չի խուսափել նախաքննության հետ աշխատելուց»:

Նորայր Նորիկյանի խոսքով, մեղքը չընդունելը չի նշանակում, որ Արամ Գրիգորյանը հակաօրինական քայլ է արել: Փաստաբանը նորից խնդրեց կայացնել արդարացման վճիռ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ հրապարակելու:

Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել է 2.5 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:

Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցի բանուկ հատվածում։