Երեւանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի եւ նախագահության հերթական նիստում քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին եւս ֆեդերացիան հետեւողականորեն շարունակելու է մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:

«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երեւանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձեւավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով եւս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երեւանի քաղաքապետ եւ թե՛ որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետեւողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», - ընդգծել է քաղաքապետը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետեւողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում  կարճ ժամանակահատվածում Երեւանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:

«Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երեւանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երեւանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարեւորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաեւ մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», -  նշել է Սմբատ Լպուտյանը:

Երեւանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի եւ նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը եւս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության: