«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանի հետ հարեւանները հիմնականում խուսափել են շփումից, քանի որ նա աչքի է ընկել իր վատ վարքով: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւաններից շատերը նշեցին, որ զարմացած են, որ Կարեն Վարդանյանը կապ է ունեցել նրա հետ եւ «ընկել է նրա ծուղակը»:
«Ամբողջ օրը թափառելով է զբաղված, տարօրինակ մարդկանց հետ է տալիս-առնում, աշխատում ենք չշփվել հետը: Չեմ հասկանում` ինչու է Կարենը նրա հետ շփվել, ոնց է նրան հավատացել: Բայց Գեւորգի ընտանիքը նորմալ է, ունի հայր, մայր, իրենից մեծ եղբայր, որը քաղաքապետարանում էր աշխատում, բայց հիմա էլ չի աշխատում»,-ասաց հարեւաններից մեկը` նշելով, որ իրենք երբեք չեն նկատել, որ Կարեն Վարդանյանը շփվել է Գեւորգի հետ:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով` Գեւորգը մի քանի տարի առաջ բանակից գալուց հետո, սովորելիս է եղել Երեւանի բուհերից մեկի Գծագրություն եւ գեղանկար բաժնում, սակայն, բազմաթիվ բացակայությունների պատճառով 2013թ. դուրս է մնացել ԲՈՒՀ-ից, 2014թ. նա նորից վերականգնվել է, սակայն կրկին հեռացվել է համալսարանից:
Նշենք, որ Գեւորգ Զոհրաբյանը մեղադրվում է Կարեն Վարդանյանին սպանելու մեջ, նա Կարենի հարեւանն է: NEWS.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոանիսյանը նշել էր, որ Գեւորգը չարաշահելով Կարենի վստահությունը նրա տունն իր անունով է գրանցել:
Դանիել Իոանիսյանի պատմել էր, որ Կարեն Վարդանյանը 300 000 դրամի կալանք ուներ իր անունով, որպեսզի այն չտարածվի տան վրա, հարեւանը համոզել էր տունն իր անունով գրանցել, այնուհետեւ սպանել է նրան, որ խարդախությունը չբացահայտվի: Կարենին սպանելուց հետո Գեւորգը գնացել է նրա բնակարան եւ բնակարանից հանել Կարենի իրերը:
Դանիել Իոանիսյանի խոսքով, Կարեն Վարդանյանի սպանության գործով մյուս մեղադրյալը՝ 43-ամյա Արթուր Միհրանյանը, եղել է Գեւորգ Զոհրաբյանի «տաքսիստը»: Կարենից գողացած փողերով Գեւորգը երկու տաքսի էր գնել եւ Արթուրը նրա վարորդներից էր:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:































