«Նոր Հայաստան» ճակատի իշխանափոխության ճանապարհային քարտեզի իրագործումը թեեւ բարդ է, բայց իրատեսական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճակատի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
«Շատ բարդ է այդ ծրագիրը, բայց իրատեսական է։ Այսօր Հայաստանում ամեն ինչ է բարդ, բնականաբար, գործող ռեժիմի պարագայում այդ քարտեզը իրագործելը շատ բարդ է, բայց մենք վստահ ենք, որ կյանքի կկոչվի»,-ասաց Մակեյանը։
Թեեւ Պետրոս Մակեյանը գիտի ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բացասական դիրքորոշումը այդ ճանապարհով իշխանափոխություն անելու վերաբերյալ, ամեն դեպքում հանդիպելու է եւ բանակցելու։
«Մեր քաղխորհրդի մեջ դերաբաժանումներ են եղել ընդդիմադիրների հետ բանակցելու հետ կապված, գործընթացը սկսվել է, բայց դեռ արդյունք չկա, նոր է սկսվել։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ պիտի հանդիպեմ, արդեն համաձայնություն կա։ Տեղյակ եմ իր կարծիքին, բայց արդեն խոսել ենք, օրը ճշել եւ, բնականաբար, մոտեցումներն ու հստակեցոմները հայտնի կլինեն բանակցությունից հետո»,-նշեց Մակեյանը։
Նշենք, որ օրեր առաջ «Նոր Հայաստան» ճակատը հրապարակել է իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որով նախատեսվում է համախմբել քաղաքական եւ հասարակական ուժերին, վերջնագիր ներկայացնել քրեական ռեժիմի պարագլուխներին, ապա խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում եւ այլն) կաթվածահար անել քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։





























