Ռուսական Polymetal ընկերությունը կվերագործարկի Հայաստանի հարավում գտնվող Լիճքվազի ոսկու հանքավայրը: Ընկերության մամուլի ծառայությունում NEWS.am-ին հայտնեցին, որ 2015 թվականին կատարված հորատման արդյունքներն ամբողջությամբ պատրաստ կլինեն 2016 թվականի երկրորդ եռամսյակում:

Հետագա հետազոտության շուրջ բոլոր որոշումները կկայացվեն այդ տվյալների հիման վրա, այդ թվում՝ այն մասին, արդյո՞ք անհրաժեշտ են հետագա հորատման աշխատանքներ եւ ինչպիսի ցանցով:

Լիճքվազի հանքանյութն ընկերությունը պատրաստվում է վերամշակել Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Մարտի սկզբին ընկերությունն այն ձեռք է բերել Շահումյանի հանքավայրի հետ միասին:

«Հաշվի առնելով Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի ծանրաբեռնվածության պակասը՝ մենք կբարձրացնենք դրա գործածության գործակիցը՝ վերամշակելով Լիճքվազից բերված հանքանյութը»,- հայտարարեցին Polymetal-ի մամուլի ծառայությունում:

Հարցին, արդյո՞ք Լիճքվազի հանքանյութը կհավելեն Շահումյանի հանքավայրի ոսկու-պղնձի խտանյութին, թե՞ դրանից առանձին խտանյութ կարտադրվի, ընկերությունում պատասխանեցին, որ ներկայում այդ հարցը պարզվում է Լիճքվազի հանքավայրի տեխնոլոգիական հետազոտության ճանապարհով:

Polymetal-ը չի ծրագրում ոսկի պարունակող խտանյութ մատակարարել Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային, որը պատկանում է ռուսական մեկ այլ ընկերության՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին:

Հիշեցնենք, որ ռուսական Polymetal հոլդինգը Հայաստանում երկու հանքավայր է ձեռք բերել. Լիճքավազի ոսկու հանքն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը (երկուսն էլ գտնվում են Հայաստանի հարավում):

2015 թվականի դեկտեմբերին ընկերությունն ընդգրկվեց FTSE4Good Index հեղինակավոր ցանկում:

1999 թվականին Լիճքվազի հանքավայրի շահագործման լիցենզիան ստացավ «Սիփան 1» ընկերությունը: 2015-ին այն ձեռք բերեց ավստրիական Iberian Resources-ը, որը 2017-ին այն վաճառեց ավստրիական մեկ այլ ձեռնարկության՝ Tamaya Resources-ին: 2008 թվականին ընկերությունը հեռացավ Հայաստանից:

2015 թվականին Polymetal-ը հանքավայրի լիցենզիան ձեռք բերեց ռուսական մեկ այլ՝ «Նեւա Ռուս» ընկերությունից: