80-ամյա Դանիել Մասչյանը ծնված օրվանից հիվանդ է: Աղավնիներով:
«Աչքս բացել եմ, աղունիկ եմ տեսել: Սկզբում մեծ եղբայրս է աղունիկ պահել, հետո՝ միջնեկ եղբայրս, հետո էլ՝ ես: Հիվանդության պես բան է աղունիկ պահելը, որ մեկ սիրտդ կպնում է, էլ պոկ չի գալիս»,- ասում է Դանիել պապը:
Դանիել պապի օրն սկսվում է առավոտյան` ժամը 7.30-ին աղավնիների հետ. ամեն առավոտ իջնում է բակ, բացում նրանց տնակի դուռը, թռցնում, կերակրում ու հետեւում, որ ոչինչ չպատահի սիրելի թռչուններին:
«Եթե աղունիկներս դուրսն են, ես պետք է կողքներին նստած լինեմ. պատահում է՝ կատուն է թաթը գցում, արծիվն է գալիս-տանում, պետք է էստեղ նստեմ, հսկեմ»,- ասում է նա:
Աղունիկ պահողների շրջանում չգրված օրենք կա. եթե ուրիշի աղավնին եկավ իջավ, նոր տերը իրավունք ունի որոշելու՝ վերադարձնել հին տիրոջը, թե պահել իրեն:
«Եթե տերը խնդրանքով եկավ ուզեց, կվերադարձնեմ, եթե մուննաթով եկավ, չեմ հարգի էդ մարդուն, հետ չեմ տա»,- ասում է Դանիել պապը:
Նա համոզված է՝ ամեն մեկն աղունիկ պահել չի կարող, մարդը պետք է սիրի, որ հասկանա աղավնիներին, իմանա՝ որն ինչ բնավորություն ունի, որն ինչի կարիք ունի:
«Պատահում է՝ հիվանդանում են: Ծանոթ բժիշկ ունեմ, գալիս նայում է, ասում է՝ ինչ դեղ է պետք, դեղատնից առնում եմ, տալիս: Էն մեկը հիվանդ էր, նոր է սկսել լավանալ»,- ասում է նա ու մատնացույց անում աղավնինրից մեկին:
Հետո մտքերի գիրկն է ընկնում ու հիշում, թե ինչպես տարիներ առաջ սիրելի թռչունները փրկեցին իր կյանքը:
«Մի անգամ ընկերներս կռվի մեջ ընկան, աղունիկներս դուրսն էին, չկարողացա դրսում թողնել-գնալ, էդպես փրկվեցի»,- ասում է նա:
Կյանքի 80 տարիների ընթացքում Դանիել պապը միայն մի անգամ է հրաժարվել սիրելի զբաղմունքից, այն էլ՝ 4 տարով:
«Ավտոպարկում էի աշխատում, գործս շատ էր, չէի հասցնում աղունիկներիս հետեւել: Բոլորը ծախեցի, 4 տարի փակեցի էս դոմիկի դուռը: Հետո զգացի՝ չէ, չեմ կարողանում առանց նրանց, էլի առա, սկսեցի պահել»,- ասում է նա:
Դանիել պապի խոսքով՝ տան անդամներն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա նեղսրտում են, ասելով՝ որ աղունիկներին ավելի շատ է ժամանակ հատկացնում, քան իրենց:
«Շատ են ասում՝ թարգի, կտրվի, ամոթ է, էդ տարիքիդ աղունիկ սիրելը ո՞րն է: Չեմ կարողանում, ի՞նչ անեմ: Որ գալիս եմ էստեղ նստում, աղունիկներիս նայում, հանգստանում եմ, կտրվում աշխարհից»,- ասում է նա:





























