Հայկական ԱԷԿ-ն ամենաերկար ժամկետով կանգ կառնի 2018 թվականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԷԿ-ի փոխտնօրեն Գերա Սեւիկյանը:
2016 թվականին կայանում երկամսյա պլանային աշխատաշրջան է նախատեսվում՝ վառելիքի վերալիցքավորման, վերանորոգման աշխատանքների համար: Նման աշխատանքներ են ծրագրված նաեւ 2017 թվականին: «Դրանք պետք է տեւեին 45 օր, սակայն, ելնելով մեր պահանջմունքներից, այդ ժամկետը երկարացրեցինք եւս 15 օրով»,- նշեց Սեւիկյանը:
Հաջորդ՝ 2018 թվականին նախատեսված վերանորոգումն ամենաերկարը կլինի եւ կտեւի 4 ամիս: Այդ ժամանակ սարքավորումների փոփոխման եւ համակարգերի արդիականացման ամենածավալուն աշխատանքները կիրականացվեն:
2019 թվականից կայանը կվերադառնա «նորմալ կենսագործունեությանը»՝ 4-ամյա ստանդարտ գրաֆիկով. 3 տարի՝ 45 օր, 4-րդ տարում՝ 60 օր, երբ ռեակտորից դուրս է բերվում ամբողջ վառելիքը, այն ներսից մաքրվում եւ վերագործարկվում է:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարությունից ստացված 270 մլն դոլարի չափով վարկի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի շրջանակում: Էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը:





























