«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իրեն 3-րդ այլընտրանքային թեկնածու է համարում, եւ կարծում է՝ հրաշալի արդյունք է գրանցելու:
«Ես արդեն տեսնում եմ մարդկանց վստահությունն իմ հանդեպ, ինձ աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնում և մի բան եմ հասկացել, որ ընտրություններում հրաշալի արդյունք եմ ունենալու»,-ասաց քաղաքապետի թեկնածուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՕԵԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ինքը նախընտրական քարոզարշավը սկսել է քաղաքացիների հետ անմիջական շփման ձեւաչափով:
Արթուր Միսակյանը նշեց, որ Հրազդանում 3 առաջնահերթ խնդիր կա, և ընտրվելու դեպքում ինքը հենց այդ խնդիրների վրա է սևեռելու ուշադրությունը:
«Առաջնահերթ խնդիրը ճանապարհների խնդիրն է: Երկրորդը՝ Հրազդանում բոլոր մանկապարտեզները պետք է լինեն անվճար և պետք է ունենան լոկալ ջեռուցում, իսկ երրորդը` տանիքների և վերելակների խնդիրն է: Ընտրվելու դեպքում այս խնդիրները պիտի արագ լուծվեն»,-նշեց Հրազդանի քաղաքապետի թեկնածուն:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը հավելեց, որ մինչ քարոզարշավը որոշակի ճնշումներ է նկատել իր թիմակիցների, մտերիմների հանդեպ:
«Մարդիկ տարբեր ճանապարհներով փորձել են հեղափոխել իմ թիմակիցներին: Ես հայտարություն եմ արել և հիմա մարդիկ հասկացել են, որ պիտի հանգիստ թողնեն: Ինչ-որ բան լինելու դեպքում ես կդիմեմ այլ քայլերի»,- ասաց Արթուր Միսակյանը:
ՕԵԿ նախկին մամուլի խոսնակը վստահեցրեց, որ գնալու է մինչեւ վերջ, եւ հակառակ շրջանառվող ասեկոսեների՝ իր թեկնածությունը չի հանելու:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ին:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին: Իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Միսակյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:



























