Ադրբեջանի ագրեսիան ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները ձախողելուն: Այս մասին ապրիլի 3-ին՝ Իսրայելի Կնեսետի պատվիրակության՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հայ պատգամավորներն աշխատում են իրենց գործընկերների, այդ թվում՝ Կնեսետի պատգամավորների հետ, որպեսզի բոլորին պարզ լինի, որ Ադրբեջանի ագրեսիան կոնկրետ ուղղվածություն ունի՝ ձախողել է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: «Շատ կարեւոր է, որ բոլոր պատգամավորները եւ Հայաստանի բարեկամ երկրների մեր գործընկերները ամբողջական եւ իրական պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում: Շատ ուրախ եմ, որ Իսրայելի Կնեսետի այս պատվիրակությունը տիկին Պլոսկովի հետ Երեւանում է: Դա եւս մեկ հնարավորություն է մեր ժողովուրդների մերձեցման համար: Մենք ընդհանուր շատ բան ունենք, մենք գրեթե ընդհանուր խնդիրներ եւ տրամադրվածություն ունենք: Քաղաքական պլանում մենք պետք է աշխատենք մեր քայլերում փոխադարձ աջակցության  համար»,- ասել է Արտակ Զաքարյանը: