Հայաստանի Ֆինանսների նախարարության երեք տեսչությունները կարող են մեկի մեջ միավորվել: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով «Տեսչական ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նա նշել է, որ Հայաստանում տեսչական բարեփոխումներին համապատասխան, տեսչական մարմիններին կից կգործեն դրանց կառավարման խորհուրդներ` ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորի ներգրավմամբ: Օպտիմալացման արդյունքում տարբեր նախարարություններին կից տեսչությունների միավորման դեպքում դրանց ներկայացուցիչները կգլխավորեն ռոտացիայի խորհուրդը:
«Մեկ նախարարության շրջանակում պետական մարմինների կրճատման անհրաժեշտություն կա: Օրինակ` Ֆինանսների նախարարության կառուցվածքում կան արտոնագրման պայմանների կատարման վերահսկողության, աուդիտորական վերահսկողության, ֆինանսական եւ հարկային վերահսկողության տեսչություններ: Հարկային բլոկից բացի, որն իր առանձնահատկություններն ունի, մնացած երեքի առումով օպտիմալացման աշխատանք կտարվի», - հայտնել է նախարարը:




























