Թուրքիան եւ Ադրբեջանը չկարողացան իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները, առաջին հերթին ռազմական, որոնցից բխում են քաղաքականները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, «Ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումը» թեմայով քննարկման ժամանակն նշել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով, պատահական չէր, որ Բաքվի վերջին գործողությունները սկսվեցին Էրդողանի եւ ԱԼիեւի հանդիպումից հետո, քանի որ հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո Թուրքիան միանգամից սպառնացել է ապասառեցնել Ղարաբաղի հակամարտությունը:
«Ադրբեջանը պետք է պատժվի: Եթե մենք ուզում ենք կանխել նման գործողությունները, ապա միայն նախկին դիրքերի վերականգնմամբ դա տեղի չի ունենա: Այսինքն Ադրբեջանն ու ադրբեջանական հասարակությունը պետք է գիտակցի, որ իրենք ունենալու են մարդկային, տարածքային եւ նյութական կորուստներ յուրաքանչյուր ոտնձգության դեպքում՝»,-հավելել է Պապյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։




























